Կլիմայի փոփոխությունը Հայաստանում և Կովկասյան տարածաշրջանում այլևս տեսական կանխատեսում չէ, այլ օրվա լուրջ մարտահրավեր։ Վերջին տարիների վիճակագրությունը փաստում է՝ մեր երկրի ջերմաստիճանը շարունակաբար բարձրանում է։ 2024 թվականը 1935-ից ի վեր գրանցվել է որպես 7-րդ ամենատաք տարին, իսկ 2023–2024 թթ․ ձմեռը՝ երկրորդ ամենատաքը մեր դիտարկումների պատմության մեջ։ Բնության անոմալիաներն այսքանով չեն սահմանափակվում. Հենց միջին ջեմաստիճանի բարձրացումը հանգեցրեց Դեբեդի և Աղստևի ավազաններում տեղի ունեցած աղետալի հեղեղումներին։
Ջերմաստիճանի աճն իր հետ բերում է շղթայական ռեակցիա՝ մեծացնելով գոլորշիացումը և նվազեցնելով գետերի հոսքը։ Կանխատեսումները մտահոգիչ են. մինչև 2100 թ․ Սևանա լիճ թափվող գետերի տարեկան հոսքը կարող է կրճատվել շուրջ 34%-ով։ Սա արդեն իսկ ստիպում է Հայաստանին փնտրել այլընտրանքներ, այդ թվում՝ լրացուցիչ ջրառ իրականացնել Արաքս գետից։ Սակայն ջրի պակասն առաջին հերթին հարվածում է գյուղատնտեսությանը։ Առանց հարմարվողականության լուրջ միջոցառումների, բերքատվությունը մինչև 2030 թ․ կարող է նվազել 8–14%-ով, իսկ արոտավայրերը՝ կրճատվել մինչև 22%-ով։ Կլիմայական ճգնաժամն անմիջականորեն ազդում է նաև մեր առողջության վրա։ Բարձր ջերմաստիճանը սրում է սիրտ-անոթային հիվանդությունները և ստեղծում նպաստավոր պայմաններ նոր վարակների տարածման համար։ Խոցելի են նաև մեր էկոհամակարգերը. հրդեհներն ու վնասատուները տարեցտարի ոչնչացնում են կանաչ տարածքները։ Ցավալի է, բայց փաստ՝ վերջերս կատարված քաղաքացիական հասարակության մոնիթորինգի համաձայն՝ 1993-ից 2023 թվականների միջև անտառածածկ տարածքների տարբերությունը կազմում է մոտ 45,000 հեկտար: Այս ամենն ունի նաև կոնկրետ տնտեսական գին։ Կանխատեսվում է, որ մինչև 2060 թ․ կլիմայական գործոնների պատճառով տնտեսությունը կարող է կրել 3% անկում, ինչը կհանգեցնի աղքատության աճին՝ մոտ 2.7 տոկոսով արդեն 2030-ին։ Այսօր կլիմայի փոփոխությունը լոկ բնապահպանական թեմա չէ. այն սոցիալ-տնտեսական գոյատևման հարց է։ Հայաստանի համար կենսական է դարձել ջրի խնայողական կառավարումը, նոր տեխնոլոգիաների ներդրումը գյուղատնտեսության մեջ և էներգետիկ անկախության ամրապնդումը։ Միայն համակարգված հարմարվողական քաղաքականության շնորհիվ հնարավոր կլինի ապահովել երկրի կայուն զարգացումը և մեր ապագա սերունդների բարեկեցությունը։